ՈՒՇԱԳՐԱՎ․ Ադրբեջանը խնդրում է պաշտպանե՞լ իրեն Թուրքիայից

Ադրբեջանը չունի Հայաստանի հետ սահմանի առնչությամբ որեւէ ռազմ ական նպատակ կամ ծրագիր, ռուսական «Ազգային պաշտպանություն» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու, ներկայումս դե ֆակտո արտգործնախարար Հիքմեթ Հաջիեւը:

Հաջիեւի հայտարարությունը բավականին բազմիմաստ է: Այն, իհարկե, կարող է լինել զուտ դիվանագիտական ձեւաչափի մեջ, ըստ այդմ կարող է ասվել մի բան, սակայն լինել բոլորովին ուրիշ մտադրություն ու հավակնություն: Առավել եւս, երբ Հաջիեւի անմիջական ղեկավարի շուրթերով են հնչել հավակնությունները ընդհուպ Երեւանի հանդեպ: Մյուս կողմից, տավուշյան

զարգացումներից հետո Հաջիեւի հայտարարությունը հնչում է նոր լույսի ներքո, եւ ինչ-որ իմաստով բավականին նման է Ռուսաստանին ուղղված արդարացման կամ նույնիսկ օգնության կոչի, հատկապես եթե դիտարկենք, որ հնչում է ադրբեջանա-թուրքական զորավարժության ֆոնին, որը տեղի է ունենում նաեւ Նախիջեւանում:

Առաջին հայացքից կնշանակի, որ Հաջիեւը հայտնում է, թե Հայաստանին սահմանի հանդեպ չունեն որեւէ ծրագիր ու իրենց խնդիրը արցախյան ուղղությամբ է: Այն, որ Բաքուն հավակնոտ է արցախյան ուղղությամբ, նորություն չէ ու հասկանալի է: Բայց, Բաքուն բազմաթիվ ոտն ձգություններ է արել նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանի հանդեպ: Իհարկե, աներկբա է, որ թե Հայաստանի համար չկա Արցախի ու Հայաստանի սահման դե ֆակտո տարբերակում՝ անվտանգության համակարգը մեկ միասնություն է, թե Բաքուն ըստ էության իր ագրե սիվությամբ չի տարանջատում հայկական պետականությունը եւ լավ գիտի նաեւ, որ դա անջատ չէ հայկական կողմի համար:

Բայց, հենց այստեղ էլ նշմարվում են ուշագրավ տողատակեր, հաշվի առնելով եւ այն, որ Ադրբեջանն անկասկած հասկանում է ՀՀ սահմանի իրավական տարբերությունը ու նրբությունը՝ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ պատասխանատվության առումով: Ահա այդ ֆոնին Բաքուն թերեւս արդարանում է, թե որեւէ կերպ չի ցանկանում սադրել Ռուսաստանին:

Ի՞նչ է սա նշանակում, որ սադրանքի է պարտադրում Թուրքիա՞ն: Թե՞ գուցե դրան մասնակցում են նաեւ գործակից ռուսական շրջանակներ, որոնք այդպիսով աշխատելով Թուրքիայի եւ Բաքվի իշխանության հետ, լուծում են Ռուսաստանի Դաշնության իշխանության մեջ իրենց ազդեցության ու դերակատարման հարցեր: Իրավիճակը, իհարկե, բազմաշերտ է եւ հնարավոր է ամեն ինչ, սակայն դրանով հանդերձ էլ առավել նշմարվում է Հաջիեւի

հայտարարության «արդարացող» կամ նույնիսկ «օգնություն» հայցող բնույթը՝ «այդ մենք չենք» տրամաբանությամբ: Չի բացառվում, որ այդ տրամաբանությունը բխում է Բաքվում իշխանության շուրջ ստեղծված վիճակից, որտեղ հնարավոր է տավուշյան պարտությունը կտրուկ բարձրացրել է Թուրքիայի ազդեցությունը, եւ Հաջիեւը հիմա ակնկալում է ռուսական օգնություն, Բաքվում բալանսը վերականգնելու նպատակով: