Վաղը վերսկսվում է Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը. ինչ պետք է իմանալ մինչեւ այդ

Կորոնավիրուսից աշխարհում ամենաշատը տուժած երկրներից մեկի՝ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2019-20 միցաշրջանը վերսկսվում է: Մոտ երեք ամիս դադարից հետո Ա Սերիայի հանդիպումները կանցկացվեն վաղվանից՝ հունիսի 23-ից:

Մինչեւ այդ՝ մի քանի օր առաջ Իտալիայում ավարտին հասցրին գավաթի ընթացիկ մրցաշրջանի խաղարկությունը: Հունիսի 12-ին ու 13-ին կայացան կիսաեզրափակիչները, իսկ 17-ին՝ եզրափաիչը, որի ընացքում տասնմեկմետրանոց հարվ ածաշարում «Նապոլին» հաղթեց

«Յուվենտուսին»: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված ֆուտբոլային թոփ հինգ առաջնությունների շրջանում Իտալիան վերջինն է, որ վերադառնում է Գերմանիայից, Իսպանիայից եւ Անգլիայից հետո, իսկ Ֆրանսիայի առաջնությունը, ինչպես հայտնի է, ժամանակից շուտ ավարտվել է:

Իտալական ֆուտբոլում պրոֆեսիոնալ խաղացողների շրջանում կորոնավիրուսի դեպք արձանագրվել է փետրվարի վերջին: Ըստ մամուլի՝ վարակվել էր C Սերիայի խաղոցողներից մեկը, որի անունը չէր նշվում: Ֆուտբոլային հանդիպումները, սակայն, դադարեցվեցին մարտի սկզբին, ինչպես գրեթե ամբողջ Եվրոպայում: Երկրում խիստ կարանտին էր, եւ ընթացքում լրատվամիջոցներում անընդհատ տեղեկություններ էին հայտնում վարակված նոր ֆուտբոլիստների մասին:

Վիրուսը տարածվեց նաեւ Ա Սերիայի ակումբներում՝«Ֆիորենտինայում», «Ատալանտայում»… Չեմպիոնների լիգայի «Ատալանտայի» հանդիպմանը որպես տեսուչ ներկա գտնվելուց հետո էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը կասկած էր հայտնել, թե վարակված է եղել: Շատ խոսվեց նաեւ «Յուվենտուսի» խաղացողների մասին: Այնտեղ առաջիններից մեկը վարակվել էր Պաուլո Դիբալան: Մինչեւ նրա ապաքինվելը թեստը չորս անգամ դրական արդյունք էր ցույց տվել:

Կարանտինի ընթացքում ֆուտբոլիստները մարզվում էին տնային պայմաններում: Ու այդպես շարունակվեց մինչեւ մայիսի սկիզբը, երբ ակումբները մարզումները վերսկսելու հնարավորություն ունեցան: Սկզբում պարապում էին փոքր խմբերով, այնուհետեւ ողջ թիմով: Անկախ խոսակցություններից, թե առաջնությունը կարող է ժամանակից շուտ ավարտվել՝ հիմա արդեն ֆուտբոլիստները նաեւ կխաղան, բայց ոչ այնքան ֆուտբոլային մթնոլորտում:

Ինչպես մյուս թոփ առաջնություններում, այնտեղ էլ երկրպագուներ չեն լինելու՝ չնայած Իտալիայում այդ հարցում լավատեսորեն են տրամադրված: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հույս ունի, որ այնուհանդերձ հնարավորություն կլինի, որ մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ օգոստոսի սկիզբը, բազմահազարանոց մարզադաշտերում գոնե որոշակի քանակությամբ ֆուտբոլասերներ կլինեն: