«Կանացիությունը կնոջ հաջողության գրավականն է»

Հետաքրքիր

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել ամենավարկանիշային ու հեղինակավոր կանանց։ Կանանց, ովքեր ոգեշնչում են, մոտիվացնում հաջողության իրենց պատմություններով;

Այսօրվա մեր հերոսուհին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի փոխտնօրեն Զառա Մալայանն է։ Որպես իսկական նոր ժամանակների կին նա ոչ միայն հրաշալի համատեղում է մեծ բժշկական կենտրոնի ղեկավար պաշտոնը, սիրով լի ընտանիքի ու մայրության հետ,

այլև երկրորդ մասնագիտություն է ձեռք բերել Ամերիկյան համալսարանում և իրականացրել բարեգործական ծրագրեր, որանց շնորհիվ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հնարավորություն է ստեղծվել անվճար բժշկական օգնություն ստանալ, հատկապես՝ երեխաներին:

«Կանացիությունը կնոջ հաջողության գրավականն է» ,- ասում է հմայիչ ժպիտով մեր զրուցակիցը։ -Տիկի՛ն Մալայան, Դուք երկար տարիներ ղեկավար պաշտոն եք զբաղեցնում Ս․Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում։ Կին-ղեկավարներ հաճախ ենք հյուրընկալել, ի՞նչ առանձնահատկություններ ունի առողջապահական հաստատության կառավարումը։

Առողջապահական հիմնարկների կառավարման վերաբերյալ խոսելիս նախ պետք է հաշվի առնել մի շատ էական փաստ՝ այստեղ դիմում են առողջական խնդիր ունեցող մարդիկ, ովքեր օգնության անհրաժեշտություն ունեն, ում կյանքի որակն ընկել է։ Եվ բուժկենտրոն այցելելիս նրանք ցանկանում են, որ իրենց լսեն, հասկանան ու լուծեն իրենց խնդիրը։

Իհարկե, առաջինը որակյալ պրոֆեսիոնալ բուժ ծառայությունները: Բժշկական որակյալ ծառայությունների մատուցումից զատ՝ շատ կարևոր է բարեհամբույր ու անսահման համբերատար վերաբերմունքը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ բուժհաստատության ողջ անձնակազմի կողմից՝ ընդունարանի աշխատակցից մինչև ադմինիստրացիա։ Այսինքն՝ բուժհաստատության ներսում պետք է տիրի փոխադարձ հարգանքի և ներդաշնակության մթնոլորտ։

Ինչպե՞ս կգնահատեք մեր հասարակության կողմից բժշկի հանդեպ ունեցած վերաբերմունքը, շփման մշակույթը, որքանո՞վ է բժիշկը պաշտպանված։ -Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ՝ անկախ մասնագիտությունից, ցանկանում է իրեն գնահատված զգալ։ Իսկ բժշկությունը ամենաբարդ մասնագիտություններից մեկն է, քանի որ դրա կրողները պատասխանատու են աշխարհում ամենաթանկի՝ առողջության, մարդկային կյանքի համար, և պաշտպանված լինելը նրանց համար շատ կարևոր է, ինչը մեր հասարակության մեջ թերի կողմեր ունի։