Շապոկլյակի նախատիպը գրողի կինն էր, նկարչի` զոքանչը

Հետաքրքիր

Մեր մանկության սիրված մուլտհերոսների` քեռի Ֆեոդորի, Մատրոսկին կատվի, փոստատար Պեչկինի, կոկորդիլոս Գենայի ու Չեբուրաշկայի հեղինակը Էդուարդ Ուսպենսկին է։ Թե ո՞վ ու ի՞նչն էր ոգեշնչել գրողին, շատ հումորով ու անկեղծորեն պատմել է հենց ինքը` հեղինակը։

Էդուրադ Ուսպենսկի Էդուարդ Ուսպենսկու հայտնի Չեբուրաշկան ծնվել է 1966 թվականին, երբ տպագրվեց «Կոկորդիլոս Գենան և ընկերները» գիրքը։ Բայց, այս անսովոր հերոսի լույս աշխարհ գալը կապում են հայտնի մուլտֆիլմի հետ, որը ստեղծվեց 1969-ին ու միանգամից հայտնի դարձրեց բոլորին անհայտ այս գազանիկին, որին Չեբուրաշկա են կոչում։

Այս կերպարը գրքում այնքան էլ տեսնելի չէր, հեղինակը նրան նկարագրում էր այսպես. «Երբ ես փոքր էի ծնողներս ինձ նվիրեցին մի խաղալիք` փոքր, փափուկ ու փռչոտ։ Արծվաբվի մեծ աչքերով, նապաստակի կլոր գլխով եւ արջի փոքրիկ պոչով»։

Իհարկե այս նկարագրության մեջ ոչ մի գրավիչ ու տպավորիչ բան չկա, բայց անիմատորների երևակայության միջոցով ստեղծվեց և հորինվեց այն մեծ աչքերով եւ ականջներով տարօրինակ արարածը, որին սիրեցին բոլորը։

Իր գրքի նախաբանում, հեղինակը գրել էր, որ իր այս հերոսի նախատիպը իր հին վնասված խաղալիքն էր, իսկ ավելի ուշ մի հարցազրույցում պատմել էր, որ իր ընկերներից մեկի տանը տեսել էր նրա փոքրիկ զարմուհուն. «Ինչպե՞ս տեսա Չեբուրաշկայի տեսանելի կերպարը։

1964-ի շոգ հուլիսն էր։ Ընկերոջս զարմուհուն գնել էին մեծ օձիքով մորթե մուշտակ։ Աղջիկը 4 տարեկան էր, իսկ մուշտակը բավականին մեծ էր` մի քանի տարի հագնելու նպատակով գնված։ Աղջիկը մեծ մուշտակը հագին մի քայլ արեց եւ զրմփած հատակին։ Ընկերս ասաց. «Էլի ընկա՞ր Չեբուրաշկա»։ Ես հարցրեցի. « Իսկ դա ի՞նչ բառ է»։ Ընկերս բացատրեց, որ դա հազվադեպ պատահող բառ է` «чебурахнуться», այսինքն աղմուկով վայր ընկնել։ Այդ օրվանից զրմփացող այդ կերպարը մտքիցս դուրս չէր գալիս»։

Այսպես ծնվեց արևադարձային ջունգլիներից հայտնված անծանոթ գազանիկը, որը քնով էր ընկել նարնջի արկղում ու այդպես հայտնվել մեծ քաղաքի մթերային խանութում։ Չեբուրաշկան ստացվեց ոչ ճկուն մի արարած, որը տեղում մի րոպե հանգիստ չէր նստում ու շարժվելիս էլ անընդհատ ընկնում էր։