Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Զոհրապն ու նրա կինը՝ Կլարան ապրեցին քսանյոթ սիրաշատ տարիներ. ինչ՜ր ասես, որ չտեսան, հարյուր անգամ բաժանվեցին ու միացան, սակայն դարձան արևմտահայ գրականության ամենասիրուն ու դրամատիկ սիրո պատմություններից մեկը, որն ի զորու եղավ ընդհատել միայն համաժողովրդական աղետը։

Գրիգորն ու Կլարան Նրանք ծանոթացան 1885 թվականին, արդեն երեք տարի անց Զոհրապը ամուսնության առաջարկություն արեց սիրելի կնոջը։ 1888 թվականի հունվարի երեսունմեկին բոլոր հարազատ-բարեկամները հրավիրված էին Գրիգորի և Կլարայի հարսանյաց հանդեսին։

Զոհրապը դառնում է հոգատար ու շռայլ ամուսին, նվերներով ու զարդերով կնոջը երջանկացնելը դառնում է սովորական մի բան։ Գրողի մեկ այլ նախասիրությունն էլ թղթախաղն էր, ինչի վրա նա չէր սիրում խնայել։

Այսուհանդերձ Գրիգորի ու Կլարայի ամուսնական կյանքը հանդարտ չէր ընթանում, այդ տարիների ընթացքում նրանք հաճախ են բաժանվել. պատճառները՝ խիստ տարբեր, մեկ պաշտոնական գործերն էին խանգարում, մեկ քաղաքական դրությունը, սակայն առավել հաճախ պատճառը խանդն էր։ Կլարան խանդում էր ամուսնուն և ոչ անհիմն։

1911 թվականին, երբ գրողը Վիսբադենում էր, նա հանկարծ վերհիշում է իր պատանեկության սերը: 1881 թվականն էր, երբ նա տեսավ ու սիրեց Մաթիլդին, վերջինս մի համակրելի կաթոլիկ հայուհի էր: Եվ ահա տարիներ հետո այդ անունը նորից փոթորկեց Զոհրապի հոգին: Բայց այդ հիշողությունները գտան միայն գրական դրսևորում. «Նախանձը», «Հրաժեշտը» և «Անհետացած սերունդ մը» գործերը դարձան Զոհրապի երբեմնի սիրո միակ կենդանի ապացույցը։

Հետաքրքիր է, որ Ինքն իրեն «շափխընը» (կնամոլ) համարող Զոհրապը 22-23 տարեկանում շատ խիստ հայացքներ ուներ կանանց ազատությունների, նրանց դերի վերաբերյալ: Նա կանանց սիրում էր նուրբ, հեզ, թույլ ու անօգնական լինելու համար: Զոհրապի համար հակաբնական էր երկու սեռերի իրավահավասարության մասին նոր-նոր ծլող հայացքներն, առավել ևս դրանց հայկական

դրսևորումները: Նա ընդգծված հակաֆեմինիստ էր։ Երբ տարիներ անց Զոհրապն ամուսնացավ Կլարայի հետ, երկու սեռերի հավասարության մասին կարծիքը նույնը մնաց, սակայն դարձավ առավել հանդուրժող ու մեղմ։