«Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը ջրահեռացման աշխատանքների հետ կապված

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հիմնական գործառույթներից է վարձակալության պայմանագրով իրեն հանձնված բնակավայրերի անձրևաջրերի հեռացման համակարգերի շահագործումը:

Գործող կարգի համաձայն՝ համակարգը տարին երկու անգամ (գարնանը և աշնանը) մաքրվում է կուտակվող աղբից, իսկ անձրևաջրերի կուտակումների տեսակետից առավել խոցելի վայրերը մաքրվում են ըստ անհրաժեշտության: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում նաև տեղադրվում են բացակայող ճաղավանդակները, դիտահորերը, իսկ վնասվածները՝ փոխարինվում այլ դիտահորերով: «Վեոլիա»–ի կողմից տարվող հետևողական աշխատանքների միջոցով անձրևատարները գտնվում են աշխատանքային վիճակում։

Միաժամանակ պետք է նկատել, որ Հայաստանի պետական գույք հանդիսացող համակարգի ոչ բոլոր տարածքներն ունեն անձրևատար համակարգ, ինչպես օրինակ Քանաքեռն ու Նորք-Մարաշը, իսկ եղածներից շատերի թողունակությունը թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի սահուն հեռացումը:

Սա պայմանավորված է այն փաստով, որ քաղաքների՝ առանձնապես Երևանի բուռն զարգացումն անցած տասնամյակների ընթացքում բոլոր վայրերում չէ որ ուղեկցվել է անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ: Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը՝ իր հետ բերելով գոյացող անձրևաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրևատարների թողունակությունը մնացել է նույնը:

Կառուցապատված շատ նոր փողոցներում ներբակային ցանց գոյություն չունի կամ էլ կիսակառույց է: Արդյունքում, առատ անձրևների ընթացքում հաճախ անձրևատարներն ուղղակի ի վիճակի չեն լինում հեռացնել հոսող ջրերը: Այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով «Վեոլիա» ընկերության մասնագետները, ելնելով եղանակային կանխատեսումներից,

հերթապահում են ջրի հնարավոր կուտակման վայրերում ու անում հնարավորը ճաղավանդակները կուտակվող աղբից մաքրելու, խցանվող անձրևատարները բացելու ու անձրևաջրերի սահուն հեռացումը ապահովելու համար: Բայց քաղաքի զարգացմանը զուգահեռ պետք է զարգացնել նաև անձրևաջրերի հեռացման համակարգը, որը հիմնականում կատարվում է պետական ներդրումային ծրագրերի միջոցով։ Տեղեկացնենք նաև, որ անձրևատարների հետ կապված հարցերի լուծման նպատակով «Վեոլիա Ջուր»–ը մշտապես համագործակցում է

տեղական կառավարման մարմինների, այդ թվում Երևանի քաղաքապետարանի հետ, ինչի արդյունքում վերջին տարիներին իրավիճակը զգալիորեն բարելավվել է: Ջրի կուտակման խնդիրները լուծվել են Բաբաջանյան և Լեոյի փողոցներում, Իսակովի պողոտայում, Երևանի Մաշտոցի պողոտայի՝ Փակ շուկայի հարակից տարածքում, ստորգետնյա տրանսպորտային թունելներում, նվազել են Լենինգրադյան ու ուրիշ փողոցներում: