ՀՀ ՔԿ-ն հայտնաբերել է Սարյանի «Հայաստան» գեղանկարի էսքիզը և Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն քննչական գործողության արդյունքում հայտնաբերել ու առգրավել է առանձնակի արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող «Հայաստան» գեղանկարի էսքիզը ու Հովհաննես Զարդարյանի վրձնին պատկանող «Վերածնունդ» եռանկարը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2018-2019թթ. ընթացքում «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել է, որ բացակայում են հարյուր քսանմեկ միլիոն երեք հարյուր ութսունութ հազար ՀՀ դրամ ընդհանուր արժեքով մի շարք մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն,

ներառյալ՝ երկու մշակութային առանձնակի արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող՝ վաթսուն միլիոն ՀՀ դրամ արժեքով «Հայաստան» գեղանկարը ու Հովհաննես Զարդարյանի վրձնին պատկանող՝ երկու միլիոն ՀՀ դրամ արժեքով «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը:

Դեպքի առթիվ երկու հազար տասնինը թվականի ապրիլի երեքին հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հարյուր յոթանասունյոթերորդ հոդվածի (գողություն) երրորդ մասի առաջին կետի, հարյուր ութսուներորդ հոդվածի (առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը)

առաջին մասի և երեք հարյուր տասնհինգերորդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) երկրորդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում: Նախաքննության ժամանակ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում

տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Մ.Սարյանի «Հայաստան» գեղանկարը ու Հ.Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը հնարավոր է գտնվեն ֆոնդապահոցներից մեկում: 2020թ. մայիսի յոթին կատարված քննչական գործողության

արդյունքում հայտնաբերվել ու առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող՝ Մ. Սարյանի վրձնին պատկանող «Հայաստան» գեղանկարի էսքիզը ու Հ. Զարդարյանի վրձնին պատկանող «Վերածնունդ» եռանկարը: Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: