Շառլոթ Բրոնտե՝ «Ջեյն Էյր». Հատված

Տիրեց լռություն: Նա հանեց գլանակն ու սկսեց ծխել՝ ներս քաշելով ու բերանից դուրս հանելով սիգարի անուշահոտ ծխի շիթը սառն ու անարև օդի մեջ, շարունակեց.

– Այդ օրերին ես սիրում էի նաև քաղցրավենիք, օրիո՛րդ Էյր, չփչփացնելով ուտում էի (ներեցե՛ք բարբարոսությանս), չփչփացնելով ուտում էի շոկոլադի կոնֆետներ եւ միաժամանակ ծխելով դիտում էի կառքերը, որոնք անցնում էին շքեղ փողոցներով, օպերայի ուղղությամբ, երբ նկատեցի մի գեղեցիկ կառք, որին լծված էին անգլիական 2 հրաշալի ձի: Կառքը պարզորոշ կերպով երևում էր գիշերային քաղաքի պայծառ լույսերի ֆոնին, ու ես ճանաչեցի այն կառքը, որը նվիրել էի Սելինին:

Նա վերադառնում էր. իհարկե, անհամբերությունից սիրտս սկսել էր խփել երկաթե ձողերին, որոնց վրա հենվել էի: Կառքը կանգ առավ, ինչպես և ենթադրում էի, հյուրանոցի առաջ: Իմ սերը (դա ամենահարմար բառն է օպերային սիրուհու համար) ցած իջավ: Նա փաթաթված էր թիկնոցի մեջ՝ անտեղի մի բեռ հունիսյան այդ տաք երեկոյին: Փոքր ոտքից, որը երևաց զգեստի տակից, երբ կառքի աստիճանից ցատկեց, ես իսկույն ճանաչեցի նրան:

Կռացած պատշգամբի բազրիքի վրա՝ պատրաստվում էի շշնջալ՝ mon ange (իմ հրեշտակ), իհարկե, մեղմորեն, որ միմիայն իմ սիրածը լսեր, երբ նրա հետևից կառքից դուրս ցատկեց մի ինչ-որ մարդ՝ նույնպես փաթաթված թիկնոցի մեջ: Սակայն այս անգամ սալարկի վրա հնչեց խթանների ձայնը, և մուտքի կամարների տակից ներս անցավ տղամարդու գլխարկ: Դուք երբեք չեք զգացել, թե ինչ բան է խանդը, այնպես չէ՞, օրիո՛րդ Էյր: Իհարկե ո՛չ: Կարիք էլ չկա հարցնելու, քանի որ Դուք երբեք չեք զգացել, թե ինչ բան է սերը:

Դուք այդ երկու զգացմունքները դեռ պետք է փորձեք: Ձեր հոգին քնած է: Հարկավոր է մի ցնցում, որ զարթնի: Դուք կարծում եք, որ Ձեր ողջ կյանքը հանգիստ առաջ կընթանա ճիշտ այն հոսանքի պես, որով մինչև այժմ սահել, անցել է Ձեր պատանեկությունը: Լող տալով Դուք կշարունակեք առաջ գնալ փակ աչքերով ու փակ ականջներով՝ առանց տեսնելու գետի մեջ բարձրացող մռայլ ժայռերը, առանց լսելու նրանց շուրջը եռացող հսկա ալիքները:

Սակայն ես Ձեզ ասում եմ, և ուշադրությո՛ւն դարձրեք իմ խոսքերին, կգա մի օր, երբ դեմ կառնեք ժայռոտ գետին, որտեղից կյանքի ողջ հոսանքը կփոխվի ու կդառնա փրփրադեզ, շառաչող ու աղմկալից ջրապտույտ: Եվ կա՛մ Դուք կդիպչեք ժայռերին ու կջախջախվեք, կա՛մ մի որևէ հուսատու ալիք Ձեզ վեր կբարձրացնի, կտանի ու կնետի մի ավելի խաղաղ հորձանքի մեջ, ինչպես ինձ տարավ…

Ինձ դուր է գալիս այսօրվա օրը, դուր է գալիս այս պողպատե երկինքը, դուր է գալիս սառնամանիքից կաշկանդված աշխարհի դաժանությունն ու լռությունը: Դուր է գալիս Թորնֆիլդը, նրա հնությունը, մեկուսացած դիրքը, սերմնագռավների բներով լի հնամենի ծառերը ու սզնիները, տան գորշ ճակատը և մռայլ լուսամուտների շարանը, որոնց մեջ արտացոլվում է մետաղյա երկինքը: Եվ, այնուամենայնիվ, նրա մասին մտածելն անգամ զզվանք է պատճառել ինձ: Խուսափել եմ այս տնից. կարծես ժանտախտով վարակված լիներ: Ինչպես զզվում եմ և հիմա…